Աշխարհում միայն մի անսահմանություն կա… Տիեզերքից էլ մեծ, արևից էլ ջերմ, փողից էլ հզոր, լույսից էլ պարզ ու մաքուր:
Մի անսահմանություն, միակ անսահմանությունը, որն անդավաճան է մնում մեզ ողջ կյանքի ընթացքում, որ սիրում է մեզ անվերապահորեն ու այնքա՜ն լուռ… իսկ մենք այդ սերը հաճախ չենք հասկանում:
Մի անսահմանություն, միակ անսահմանությունը, որի համար մենք ամենալավն ենք անգամ, երբ սխալվում ենք, բայց որը միշտ անկեղծորեն ասում է մեզ մեր թերությունները և օգնում շտկել դրանք:
Մի անսահմանություն, միակ անսահմանությունը, որն ուրախանում է մեր հաջողություններով և տխրում, երբ ձախողում ենք ունենում, բայց մեզ հետ հավասար պայքարում մեր իսկ նպատակներն իրականացնելու համար:
Մի անսահմանություն, միակ անսահմանությունը, որին կարող ենք վստահել ամեն-ամեն ինչ, որից մենք միշտ խորհուրդ ենք ակնկալում, որը մեզ միշտ ճիշտ ուղղությունն է ցույց տալիս:
Մի անսահմանություն, միակը, որին ամենաքիչն ենք ասում, թե որքան կարևոր է մեր կյանքում, թե որքան ենք նրան սիրում` անընդհատ մտածելով, որ առանց դրա էլ նա հասկանում է ամեն ինչ:
Մի անսահմանություն, միակ անսահմանությունը…
ՄԱՅՐ կոչվող տիեզերքը, արևն ու լույսը:
Առօրյա զբաղվածության ու ծանրաբեռնվածության մեջ գեթ մի քանի րոպե առանձնացրեք Նրան ասելու համար, թե որքան եք սիրում, թե որքան երջանիկ եք Նրան ձեր կողքին ունենալու համար, որովհետև Նա ձեզ հաստատ չի անտեսել նույնիսկ իր ամենադժվար ու լարված րոպեներին:
Ձեր կյանքի աստեղային պահերին մի մոռացեք Նրան շնորհակալություն հայտնել ձեզ միշտ անձնատուր ձևով աջակցելու համար: Մի վախեցեք նաև ներողություն խնդրել Նրան ցավ պատճառելու համար…
Կյանքն անկանխատեսելի է, Աստծո գործերն էլ՝ անքննելի… Գուցե այսօր դուք վերջին անգամ ենք տեսնում Նրա աչքերի փայլը, որը միշտ քաջալերել է ձեզ: Գուցե վերջին անգամ եք զգում Նրա ձեռքերի քնքշանքը, որը միշտ տաքացրել է ձեզ: Գուցե վերջին անգամ եք գրկում… Ամեն հնարավորության դեպքում ասեք, որ սիրում եք Նրան, որովհետև եթե վաղը ուշ լինի, ձեր հոգին միայն դրա համար է ափսոսալու, որ միշտ համոզված է եղել, թե Նա հասկանում է, որ սիրում եք, ափսոսալու եք, որ չեք ասել ձեր սիրո մասին…
Թող որ բոլորս միշտ շրջապատված լինենք ՄԱՅՐԱԿԱՆ սիրով ու ջերմությամբ:
Թող որ չվախենանք նայել Նրանց աչքերին և ասել, որ սիրում ենք ու հպարտ ենք մեր ՄԱՅՐԻԿՈՎ:
ՄԱՄ, ես սիրում եմ Քեզ, ես հպարտ եմ Քեզնով:
0 коммент.:
Отправить комментарий