пятница, 11 января 2013 г.

Թախծի տեսակները


Ստորև ձեզ ենք ներկայացնում անտիկ փիլիսոփա-ռևմատոլոգ Բրիչիանոս Էքսկավատորեցու հեղինակած «Թախծոնոմիկոն» մոնումենտալ աշխատությունից մի հատված.

Թախծի տեսակները.

1. Սովորական Թախիծ (Tristita Vulgaris) - Ամենատարածված տեսակը: Աչքի է ընկնում միջինից ցածր լացակումածությամբ, պարբերական հոգոցներով, փոքր կալիբրի հոգու ճիչերով: Գերակշռում են սիրո, բաժանման և կարոտի համախտանիշները: Հիվանդության հարուցիչի կոնցենտրացիան հատկապես մեծ է լինում աղջկական օրագրերում, ուղեկցվում է տիպերով և սրտիկներով: Կյանքի համար անվտանգ է:

2. Ռաբիզ Թախիծ (Tristita Zurnadholus) - Թախծի հաջորդ ամենատարածված տարբերակը: Առաջնային սիմպտոմներն են դարդը, ախ ինչուն և ինձի մոռացար ինձնից հեռացարը: Երկրորդային սիմպտոմներ՝ թրաշ, ոսկի ատամ, թախծոտ փոր, դուդուկ կենացներ: Վարակված առանձնյակները ցուցաբերում են կլկլալու միտում: Տարածվում է օդահամփյուրային ճանապարհով և տաքսիների միջոցով:

3. Գլամ Թախիծ (Tristita Emo-Cosmopolitus) - Նորահայտ տարատեսակ. իմաստուն այրերը դեռ տատանվում են՝ սա իրո՞ք թախիծ է, թե՞ պարզապես էշություն: Հիվանդությունն ունի պարբերական բնույթ, սրվում է աշնանը, մանկական երկաթուղու հովտում կրում է էպիդեմիկ բնույթ: Վարակակիրները գրում են գիշերվա, դողդոջի, հեծծանքի և զանազան այլ տրտմացավեր մասին, գիթառ են գրկում, դեմքները քսում են պատուհանի ապակուն, անառողջ հակում են ցուցաբերում անձրևի նկատմամբ: Չբուժելու դեպքում հանգեցնում է հարթուղեղության:

4. Նեոհանճարեղ Թախիծ (Tristata Vehus Maxima) - Բարդագույն և դեպքերի 99%-ում խրոնիկ տեսակ: Վարակակիրները խոսում են ցիտատներով, կարդում են ինչ պատահի, գրում են էլ բեթար: Օջախները կրում են թայֆայական բնույթ: Հիվանդները պարբերաբար ունենում են ավտոմոնոսեքսուալ ինքնասրբացման կատարսիսի նոպաներ. սրանց ժամանակ խորհուրդ է տրվում նրանց ապտակել թունավոր քլունգով: Անբուժելի է:

0 коммент.:

Отправить комментарий