понедельник, 25 февраля 2013 г.



Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի» հեղափոխության ալիքը որոշակիորեն տարածում է գտնում քաղաքական դաշտում: Նրան են միանում տարատեսակ ընդդիմադիր քաղաքական ուժեր, հասարակական նախաձեռնություններ և անհատ գործիչներ:
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրության արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած շուրջ կես միլիոն ձայները հիմք են տալիս ընդդիմադիր դաշտին համախմբվել և իշխանափոխության փորձի գործընթաց ծավալել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Րաֆֆին և նրա անմիջական շրջապատը զգուշություն են ապահովում: Իրավիճակը վտանգավոր է հավասարաչափ իշխանության և ընդդիմության համար: Տեսականորեն իշխանությունը կարող է ծանր իրավիճակում հայտնվի, եթե «Բարևի հեղափոխությունը» համալրվի քաղաքացիների լուրջ զանգվածով, միննույն ժամանակ՝ իրավիճակը վտանգավոր է Րաֆֆի Հովհաննիսյանի համար այն համատեքստում, որ նախագահ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել արտերկրյա գործընկերներից, իսկ միջազգային դիտորդներն էլ բարձր գնահատականի են արժանացրել անկացված ընտրությունների որակը, ինչն էլ բարոյական տեսանկյունից հիմք կարող է հանդիսանալ իշխանության համար ուժ կիրառելու և շարժումը մարելու համար:


Ի դեպ, նախագահ Սարգսյանը որակապես տարբերվում է իր նախորդից՝ Ռոբերտ Քոչարյանից, և իշխանության համար պայքարում ուժ կիրառում է բացարձակ անհրաժեշտության դեպքում և նախընտրում է մրցակիցներին շարքից հանել քաղաքական գործիքակազմով՝ մղելով նրանց քաղաքական մրցակցության: Հետընտրական զարգացումների 1-ին փուլը ևս ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում ուժ կիրառել՝ թույլ տալով կրքերի բորբոքում և կուտակված բացասական էներգիայի արտանետում: Իշխանության վարքագիծը, բնականաբար, պարզ է և կանխատեսելի, ինչը չի կարելի ասել ընդդիմության մասին: Տպավորությունն այնպիսին է, որ Րաֆֆին ցանկանում է ուժ հավաքել, իրական քաղաքական բևեռի վերածվել և ուժի դիրքերից խոսել իշխանության հետ՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ կարող է գալ մի պահ, որ շարժումը աննկատորեն «կփախնի իր տակից»: Դեռևս կարգախոսային և առանց հստակ ծրագրի «Բարևաշարժումը» կարող է նոր առաջնորդներ գտնել, եթե Րաֆֆին չկարողանա քաղաքականապես գրգռված և տաքացած զանգվածներին հստակ նպատակ ներկայացնել, հայտարարել իր գործողությունների հաջորդականության մասին:

Ակնհայտ է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երիտասարդներից բաղկացած շրջապատը խանդով և զգուշությամբ է վերաբերվում շարժմանը միացող քաղաքական ուժերին և անհատներին՝ կասկածելով, որ նրանք սեփական խաղը կփորձեն վարել: Այս կասկածներն իրականությունից շատ հեռու չեն, վտանգն առկա է, քանզի Րաֆֆիին միացողների զգալի հատվածը սեփական խաղը խաղալու, հեղինակություններին չենթարկվելու և խաղի ընդհանրական կանոնները մերժելու մեծ փորձ ունի: Թե մինչև ու՞ր կհասնի Րաֆֆին, դեռևս դժվար է կանխատեսելը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք դեռևս ակնառու չեն: Մի բան պարզ է. Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ուժ հավաքել՝ դիմակայելով ՀԱԿ-ի և ընդդիմադիր դաշտում մենաշնորհ դիրքե զբաղեցնելու հավակնություններ ունեցող այլ ուժերի սադրանքներին և խանդին: Հենց այս համատեքստում էլ, «Բարևի հեղափոխությունը» առայժմ հիշեցնում է հայտնի ռուսական ասացվածքը՝ «… война, главное маневры»...

0 коммент.:

Отправить комментарий