Սումգայիթ. այս քաղաքի անվանումը հայերիս համար դարձել է ոճրագործության, հանցագործության ու դաժանությունների հոմանիշ: Խորհրդային իշխանությունները, իսկ նրանից հետո ադրբեջանական իշխանությունները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի Սումգայիթում, իսկ նրանից հետո նաև Բաքվում, Կիրովաբադում, Հյուսիսային Արցախում և հայաբնակ այլ վայրերերում տեղի ունեցածը որակեն պարզապես խուլիգանություն: Սումգայիթյան հանցագործությունը դեռևս չի ստացել իրական իրավական որակավորումը և դեռևս անպատիժ է մնացել, իսկ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ: Կատարվածի իրավական որակավորումը հետևյալն է.
Այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում 1988-ին և շարունակվել 1990-1991թթ. Բաքվում, Կիրովաբադում, Հյուսիսային Արցախում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում, անկասկած ցեղասպանություն է: Նրանց համար, ովքեր թերահավատորեն կընդունեն վերոնշված խոսքերս, նշեմ, որ այն, ինչ կատարվել է Ադրբեջանում 1988թ.-ից մինչև 1991թ.-ը հայ ազգաբնակչության նկատմամբ, միջազգային իրավունքը որակում է որպես ցեղասպանություն, այսինքն՝ կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը՝ սպանություններ, լուրջ մարմնական վնասվածքների և հոգեկան խանգարումների պատճառում, դիտավորյալ ստեղծվել են այնպիսի կենսական պայմաններ, որ ուղղված էին ազգությամբ հայ քաղաքացիների ոչնչացմանը:
Միջազգային իրավունքը ցեղասպանությունը դասում է ամենավտանգավոր միջազգային հանցագործությունների շարքին, որը վտանգում է ողջ միջազգային հանրությանը: 1988-ից առ այսօր Ադրբեջանը խախտել է և շարունակում է խախտել միջազգային իրավունքը՝ անտեսելով միջազգային իրավական համակարգը: Ադրբեջանը միանշանակորեն պետք է պատասխանատվություն կրի հայ ժողովրդի և ողջ միջազգային հանրության առջև՝ իր կատարած հանցագործությունների համար: Պետությունները միջազգային-իրավական պատասխանատվության ենթարկվում են միջազգային հանցագործություններ կատարելու համար: Միջազգային իրավունքը միջազգային հանրության համար առավել ծանր և վտանգավոր հանցագործությունների շարքին է դասում ցեղասպանությունը, ագրեսիան, ինքնիշխանության անօրեն սահմանափակումը, ռազմական միջամտությունը, պատերազմ հրահրելը, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունը, թերևս Ադրբեջանը 1988-ից առ այսօր չի շրջանցել վերոնշված ծանրագույն հանցագործություններից ոչ մեկը, ուստի Ադրբեջանը անհապաղ պետք է ենթարկվի պատժի՝ միջազգային իրավահամակարգով նախատեսված կարգով: Անպատիժ մնալով իր կատարած հանցագործությունների համար՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են կատարել նորանոր միջազգային հանցագործություններ՝ հակահայկական հիստերիայի քարոզում, պատերազմական գործողությունների վերսկսման հրահրում և սպառնալիքների հնչեցում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու սպառնալիքներ և այլն: Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից երկակի չափանիշների կիրառումը ծնում են նոր ոճրագործություններ, ինչպիսին եղավ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, և թող պարոն Օբաման չզարմանա, թե ինչպես կարելի է մարդասպանին հերոսացնել, քանի որ անպատժելիությունը ու ամենաթողությունը բերեցին դրան և դեռևս կարող են առաջացնել ավելի ծանրագույն հանցագործություններ: Եվ փոխանակ միջազգային հանրությունն համապատասխան որակավորում տա այդ հանցագործությանը՝ անվանելով այն ցեղասպանություն, ինչի համար անհերքելի փաստեր կան, նախընտրում է այն անվանել անհասկանալի մի բառով՝ pogroms, որը թերևս որևէ իրավական կամ այլ նշանակություն չունի: Միջազգային հանրությունը, Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների համար չենթարկելով պատասխանատվության և չդատապարտելով սումգայիթյան ցեղասպանությունը, նպաստեց, որպեսզի նման ոճրագործություններ կրկնվեն աշխարհի տարբեր վայրերում՝ Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում և այլուր՝ ակամա մեղսակից դառնալով նաև աշխարհում կատարված և կատարվող նորանոր ցեղասպանություններին:
Ահա թե ինչու կարևորում եմ սումգայիթյան ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Ադրբեջանին համապատասխան միջազգային պատասխանատվության ենթարկելը՝ այն կարևորություն ունի ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ողջ միջազգային հանրության համար:
Ցավոք, մենք նույնպես հաճախակի անտարբերություն ենք ցուցաբերում այս հարցին, ու մեր մամուլում խոսվում է ադրբեջանական ոճրագործությունների մասին միայն դրանց տարելիցների ժամանակ կամ դրանց հետ կապված ինչ-որ միջոցառումներ կազմակերպելու առնչությամբ, և, որ ավելի ցավալի է, չենք նշում այդ ոճրագործությունները իրենց անունով՝ ցեղասպանություն: Դա է պատճառը, որ ես անդրադառնում եմ այս խնդրին ոչ թե փետրվարին, այլ հիմա և պարբերաբար կանդրադառնամ այդ խնդրին:
0 коммент.:
Отправить комментарий