Մերի Մակարյանը ապրիլի 8-ից կնկարահանվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր գնացող նոր սերիալում՝ «Արյան կանչ»-ում՝ գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Լյուսիի դերում: Սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է: Այս մասին մեզ պատմեց ինքը՝ Մերին, որին խնդրեցինք պատասխանել նաև «Հայկական վարկած»-ի մի քանի հարցերին:
- Նոր սերիալ, նոր աշխատանքի սկիզբ: Հասցրի՞ք կարոտել նկարահանումներին:
- Նկարահանումներին, այո, կարոտել էի, բայց ծանրաբեռնվածությունը ինձ մոտ մեծ է:
-Ի՞նչ ծրագրեր կան կապված նոր նախագծերի հետ, մեզ անընդհատ հարցնում են, թե Մերին հեռուստահաղորդում չի՞ ունենալու:
-Ամեն ինչ իր ժամանակին: Իսկ նախագծերը շատ են և բազմապրոֆիլ, ունեմ հրավերներ և՛ արտերկրից, և՛ ՌԴ-ից, ավելի շատ որպես հաղորդավարուհի: Սակայն երգչուհու և դերասանուհու աշխատանքի հետ կապված ևս նոր նախագծերն ընթացքում են:
- Լյուսիի կերպարն ինչպիսի՞ն է: Այս անգամ է՞լ եք բացասական կերպար մարմնավորում:
- Հուսամ, որ ոչ: Չնայած սերիալում կերպարի զարգացումները կանխատեսելի չեն:
-«Դժվար ապրուստի» դերասանական կազմից կա՞ն ձեր խաղընկերներից նոր սերիալում:
- «Դժվար ապրուստից» հետո սերիալում ինձ «մայրություն» կանի Աիդա Բաբաջանյանը (տիկին Անահիտը), իմ խաղընկերներից է նաև «Դժվար ապրուստ»-ի Ստյոպիկը՝ Դավիթ Մարդյանը, և նրանք դեռ բոլորը չեն, դիտեք՝ կհամոզվեք:
-Շատ են քննադատում սերիալները, այն ձեզ չի՞ հոգնեցրել:
-Սերիալնե՞րը, թե՞ քննադատությունը: Սերիալների մասով ասեմ, որ դրանք ոչ թե պետք է քննադատել, այլ հասարակական կարծիք ձևավորել ու պահանջել, որ հնարավորինս բարձրացվի դրանց մակարդակը՝ ասելիքի առումով, քանի որ շատ մեծ լսարան ունի: Իսկ ինչ վերաբերում է դրանք չնայելուն կամ «քարկոծելուն», բոլորն էլ խոսում են, քննադատում, բայց և բոլորն էլ նայում են, ուրեմն ավելի լավ կլինի, որ այդ քննադատությունը լինի առողջ ու կառուցողական: Ես ինձ ուղղված հարցերից հասկանում եմ, թե մարդիկ ինչպես են սպասում նոր սերիալին:
Իսկ ինչ վերաբերում է սերիալում նկարվելուն, ճիշտ է, ես մասնագիտությամբ դերասան չեմ, բայց կցանկանայի լուրջ արժեքավոր ասելիք ունեցող ու գեղարվեստական ֆիլմում խաղալ: Իսկ սերիալներին մեր ժողովուրդը ճիշտ չի մոտենում, դրանք ժամանակը լցնելու համար է, ու քանի որ, ցավոք, մեզանում շատ մարդիկ ապրում են ուրիշի կյանքով, այս դեպքում էլ սերիալների հերոսներին են ընկալում իբրև իրական ու տառապում նրանց հետ, որը ճիշտ չէ, մեր կյանքում իրական դժվարությունները լրիվ բավարար են՝ տառապելու համար:
0 коммент.:
Отправить комментарий