среда, 8 мая 2013 г.

Վաղուց հայտնի պնդումը այն մասին, որ հեռուստացույցի դիմաց չափից ավելի ժամանակ անցկացնելը վնասակար է առողջությանը, հաստատվել է փաստերով: Գերմանացի նյարդաբանը եկել է այն եզրակացության, որ տարեկան 20 հազար գերմանացի է մահանում հեռուստատեսությամբ չափազանց հրապուրվելու հետևանքով: Ուլմ քաղաքի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Մանֆրեդ Շպիցերը գտնում է, որ ուղղակի կապ կա հեռուստացույցի դիմաց անցկացրած ժամանակի և ճարպակալման, շաքարախտի, բարձր ճնշման և խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով մահացությունների միջև: «Հեռուստացույցին կապված մարդկանց ժամանակ չի մնում սպորտով կամ որևէ այլ շարժուն գործունեությամբ զբաղվելու համար: Նրանք սովորույթ են ձեռք բերում ուտել էկրանի առաջ նստած, ինչը պատճառ է դառնում ճարպակալման և անժամանակ մահվան»,- գրում է նա իր գրքում: Նրա հաշվարկներով, ամեն տարի Գերմանիայում, որի բնակչությունը 80 մլն է, 20 հազար հեռուստաէկրանի սիրահարներ մահանում են դրա հետևանքով ձեռք բերած տարբեր հիվանդություններից: Շպիցերի վիճակագրական հետազոտությունները հիմնված են Եվրոպական Միության երկրներում 15 հազար երեխաների առօրյա սովորույթների դիտարկումների վրա: Չնայած նրանց մեծ մասը բնակվում են Գերմանիայում, նմանատիպ ճգնաժամային վիճակ կարելի է նկատել և մնացած եվրոպական երկրներում: «Զգուշացեք հեռուստաէկրանից (Beware of TV screen)» գրքում պրոֆեսոր Շպիցերը գրում է նաև, որ հեռուստատեսությունը քայքայիչ ազդեղություն է գործում նաև մտավոր ընդունակությունների վրա: «Ամբողջ ժամանակ հեռուստացույցի առջև անցկացրած երեխաները խիստ սահմանափակ մտահորիզոն ունեն,- ասում է նա: -Նրանք զարգացման ոչ մի խթան չունեն, և նրանց մոտ բացակայում է իրական կյանքում այդքան անհրաժեշտ գիծ, ինչպիսին մտքի ճկունությունն է: Երբ երեխաները մեծանում են, նրանց մոտ բթանում են բոլոր զգայարանները, նրանք բոլորովին այլ կերպ են ընկալում համերն ու հոտերը: Արդյունքում այսպիսի մարդիկ գնում են ոչ առողջարար սնունդ, որն անընդմեջ գովազդվում է հեռուստատեսությամբ»: «Վաղ հասակից հեռուստացույց նայելու սովորությունը ավելի հասուն տարիքում առաջ է բերում ցրվածություն, դեպրեսիա, իսկ երբեմն նաև չհիմնավորված ագրեսիվություն», - եզրափակում է պրոֆեսորը: Սա այս թեմայով առաջին ուսումնասիրությունը չէ: Նման երկյուղներ կան նաև ինտերնետի և բջջային կապի ազդեցության վերաբերյալ:

0 коммент.:

Отправить комментарий