Ուժի մեջ է մտել Իվան Ավագյանի գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. դեկտեմբերի 7-ի դատավճիռը: Ըստ դատավճռի՝ Ի. Ավագյանն իր երկու հեռախոսները լիցքավորելու համար մտահղացել է դա կատարել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով «Օդնոկլասնիկի»-ի իր էջը: Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն։
Մասնավորապես՝ Իվանն իր էջից մուտք է գործել այլ անձանց՝ աղջիկների անձնական էջեր, ներբեռնել նրանց լուսանկարները, այնուհետև հաղորդագրություն ուղարկել այդ էջերի օգտատերերին և նրանցից պահանջել հեռախոսի լիցքավորման քարտ՝ սպառնալով, որ նրանց լուսանկարները կմոնտաժի, կդարձնի պոռնկագրական բնույթի ու կտարածի համացանցում:
Նախաքննական մարմինը Ի. Ավագյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով: Նա դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Ի. Ավագյանը կատարել է միջին ծանրության հանցագործություն, ընդունել է հանցանքը և զղջացել:
Դատարանը հետևություն է արել, որ Ավագյանը, ով նաև զինակոչիկ է, կարող է ուղղվել նաև առանց պատիժը կրելու, նրան դատապարտել 3 ամսվա կալանքի, ապա նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Դատավճիռը չի բողոքարկվել։
0 коммент.:
Отправить комментарий