Posted on 06:13 by Unknown

Ծիածանը միշտ էլ աչք է շոյում անձրևից հետո, բայց քչերը գիտեն, թե ինչ է հենց ինքը` ծիածանը, ինչպես է առաջանում, ինչից է բաղկացած: Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ: Ծիածանը արևի, երբեմն էլ լուսնի` օդում «կախված» ջրի կաթիլների միջով անցնող շողերն են: Քանի որ կաթիլի մեջ ընկած լույսն արտացոլվում է տարբեր ուղղություններով, այդ իսկ պատճառով էլ մենք տեսնում ենք բազմերանգ ծիածանը: Որոշ գույներ ավելի լավ են երևում, որոշներն էլ` ավելի խամրած. սա կապված է ալիքի երկարության հետ: Ամենավատը երևում է մանուշակագույնը, իսկ ամենալավը` կարմիրը:
Իսկ դուք գիտեք, որ առանց հատուկ օպտիկական սարքավորումների արևն ու ծիածանը միևնույն ժամանակ տեսնելն անհնար է: Երբ արևը բարձրանում է հորիզոն` 43 աստիճանի տակ, ապա ծիածանը Երկրի մակերևույթից չի երևում: Երկրից երևում է ծիածանի միայն մի մասը. այն ամբողջությամբ տեսնելու համար կամ պետք բարձրանալ մի շատ բարձր լեռան գագաթին, կամ դիտել օդանավից` թռիչքի ժամանակ:
Հետաքրքրական է այն, որ ծիածանը յոթգույնանի չէ, ինչպես հաճախ անվանում են այն: Նրա մեջ գույներն անընդհատ մեկը մյուսի մեջ ձուլվելով փոփոխվում են, այդ պատճառով էլ գույներն ու երանգները նրա մեջ անհամեմատելիորեն շատ են:
Չնայած վերը նշվածին` մենք նրա մեջ 7 գույն ենք առանձնացնում, իսկ առաջինը, ով առանձնացրել է նրա մեջ գույները և հաշվել, եղել է բոլորիս հայտնի Իսահակ Նյուտոնը: Նա ի սկզբանե առանձնացրել էր 5 գույն` կարմիր, դեղին, կանաչ, կապույտ և մանուշակագույն, ինչի մասին էլ գրել էր իր «Օպտիկա» աշխատության մեջ, բայց հետագայում, փորձելով գտնել ընդհանրություն և թվային համապատասխանություն ծիածանի գույների և երաժշտական հիմնական նոտաների թվերի մեջ, ավելացրեց ևս երկու գույն:
Հաճախ առաջացած ծիածանի կողքին կարելի է տեսնել ևս մեկը, որը, ի տարբերություն առաջինի, այդքան էլ պայծառ չէ. սա արևի կամ լուսնի լույսի այն շողերի արտացոլանքն է, որոնք կրկնակի են արտացոլվել իրենց բաժին հասած կաթիլներում: Ի տարբերություն առաջին ծիածանի` այս երկրորդայինում գույները հակառակ հերթականությամբ են դասավորված:
Երկու ծիածանների արանքից երևացող երկինքը սովորաբար ավելի մուգ է թվում, այդ հատվածը սովորաբար անվանում են Ալեքսանդրի ուղի:
Պայծառ լուսնով զարդարված գիշերվա ընթացքում կարելի է ականատես լինել նաև Լուսնի լույսից առաջացած ծիածանի:
0 коммент.:
Отправить комментарий